BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ի՞նչ կին… Ես ճանապարհ եմ, կամուրջ»

«Ի՞նչ կին… Ես ճանապարհ եմ, կամուրջ»
16.06.2017 | 11:19

«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, որ զավակն է երևելի ու երանելի գրող-գործիչ Մկրտիչ Սարգսյանի, սովորության համաձայն, ինձ նվիրեց իր հրատարակած հերթական գիրքը` «Քրիզթա»։ Ծաղկի անուն է, ծաղիկ, որ նախընտրում է արմատը քարի մեջ գցել։ Զարմանալի է, չէ՞, քար և ծաղիկ։ Բանաստեղծությունների ժողովածու է, որտեղ միտքը և զգացումը ազատ են, ինչպես, ասենք, սարն ու սարի քամին։ Միմյանց հետ խոսող, միմյանց համընկնող հանգեր, վանկեր չկան։ Ասելիքն ամփոփ է, որ բխում է հոգուց և քո հոգուն հասնում որպես մեղեդի։ Երբեմն էլ բառն իջնում է որպես մանանա։ Հեղինակը վրացուհի է՝ ԹԱՄԱՐ ԳԱԲՐՈՇՎԻԼԻ անուն-ազգանվամբ։ Ծնվել է Վրաստանի Գորիի շրջանի Փխվենիս գյուղում։ Բարձրագույն կոչված կրթությունը ստացել է, սակայն նրա ուսուցիչը բնությունն է։

Մի բան է բնության մեջ լինելը, մեկ այլ բան, երբ բնությունը քո մեջ է. ուզես թե չուզես, ճառագայթվելու ես՝ դրսևորելով Աստծուց քեզ տրված շնորհը։ Կյանքը, ժամանակի առումով, մեկ այլ բան չէ, եթե ոչ օրերի շարան ու շղթա։ Օրվա մեջ հարցեր կան և պատասխաններ։ Բանաստեղծուհին գրում է. «Իմ բոլոր պատասխաններին կավելացնեմ երկու կաթիլ արցունք»։ Հարց. «Ի՞նչ է արցունքը»։ Ո՞վ չգիտե, հոգին մաքրելու, լվանալու միջոց է արցունքը։ Երկնքի արցունքը Աստծո օրհնություն անձրևն է, բանաստեղծուհու արցունքը՝ բանաստեղծություն, որ նույնպես օրհնություն է։ Իսկ ի՞նչ է օրը։ Օրը, ասում է նա, որպես ժամանակի միավոր, Աստծունն է և նվեր է մարդուն։ Հապա հայրենի՛քը, ո՞ւր է, ի՞նչ կերպ է։ Ինքն իր հարցի պատասխանը տալու է. «Հայրենիքը ես եմ»։ ՈՒրեմն, ով որ տեսնի Թամար Գաբրոշվիլի անհատականությանը, ով որ մտնի նրա ներաշխարհը, Վրաստանը տեսնելու և Վրաստանով անցնելու է։ Որքա՜ն կարևոր էր բանաստեղծուհու այս ժողովածուի թարգմանությունը, որ սիրով ու ամենայն հմտությամբ կատարել է վրացերենի և հայերենի գիտակ, Աստծո շնորհը կրող Մաղվալա Գեուրգովա-Սահակյանը։ Կարծես թե Մաղվալան իր գիրքը գրելիս, իր սիրտը բացելիս լինի։ Ինչպես Մորիս Փոցխիշվիլին կասեր` այդպես է, երբ հոգին հոգուն հաղորդակից է։


Ամեն մարդու նման, Թամար Գաբրոշվիլին էլ ճամփորդ է, միայն այն տարբերությամբ, որ նրանը հոգևոր ուղևորություն է։ Քանի որ չեմ կարող միանգամից պատկերել նրա բանաստեղծական աշխարհը, հետը ճամփորդելու եմ և այդ ընթացքը գրքի էջից էջ լինելու է՝ իր ասածի պես. «Քիչ-քիչ` ամեն ինչի մասին»։ Բոլոր պարագաներին սերը ուղեկից է. «Սերը ինձ համար դեպի // Աստված տանող ճանապարհ է… // Սերը հենց ինքն Աստվածն է»։ Հիրավի, ճշմարիտ բանաստեղծությունը, որի բխումը սիրուց և կարոտից է, Աստվածճանաչություն է։ Եվ ինչպես Աստծո ճանապարհները, այնպես էլ Աստծուն հաղորդակից դարձնող բանաստեղծություններն անքննելի են։ Ճշմարիտ բանաստեղծը, կոչված-կանչվածը, տառապանքներ կրելու, խաչը ուսին առնելու է.
Հե՜յ, ընկեր, եթե ինձ սիրում ես,
Հեռացրու ինձանից սուր փշերը,
Առանց այդ էլ իմ սրտից
Մշտական արյան կաթիլներով
Հոսում է բանաստեղծությունն իր տողերով…

Բանաստեղծուհին բանաստեղծությունը և արյունը տեսնում է նույնացած։ ՈՒստի, բանաստեղծություն գրել, ըստ նրա, նշանակում է արյան գենը հայտնել, նշանակում է պարզել հոգին. չէ՞ որ արյան մեջ եղածը՝ որպես կյանք, հոգին է։ Իսկ հոգին տվողն ո՞վ է, եթե ոչ Աստված։ Եվ քանի որ բանաստեղծություն գրելը հոգու աշխատանք է, բանաստեղծն ուզի թե չուզի Աստծո հետևորդը լինելու է։ Բանաստեղծը նույն մարգարեն է, որի կապը կենդանի Աստծո հետ է։ Բանաստեղծը հաշվետու է իրեն երկնքից երկիր առաքող Աստծուն։ Չի մոռանում շնորհակալ լինելը. «Իմ շնորհակալությունն Աստծուն, // Որ այս կյանքում ինձ երազ եկավ»։ «Թող Սուրբ Երրորդության ողորմածությունը անպակաս լինի դրախտից վտարվածներին»։
Գաբրոշվիլու արտահայտչաձևերը յուրովի են։ Իր խոստովանությամբ, թեև երկրի վրա է, հայացքը երկնային է։ Խոսքը, որ մարդու մեջ մարմին առնում և ապրում է շնորհքով ու կենդանությամբ, թե՛ զանգ է և թե զանգի ղողանջ, այնպիսի ղողանջ, որ շարունակ հնչելու է։
Երկինքը վերևում է, երկիրը՝ ներքևում։ Երկուսն էլ հավիտենության խորհուրդներ են։ Իսկ մարդը որտե՞ղ է։ Մարդը հայտնվել է այս հավիտենությունների միջև, այս հավիտենությունների ճամփին, հայտնվել նրանց նմանությամբ։ Եվ որքան որ հող է մարդը, նույնքան էլ երկինք է։ Մարդը այս երկուսի սիրո ծնունդն է, այս երկուսը մարդու ծնողներն են։ Այն որ ասացի՝ սիրո, պիտի հասկանալ սիրո աստվածայինը, ավելի պարզ ասած, պիտի հասկանալ Աստծո սերը։
Էջից էջ անցնելով, նորից ու նորից համոզվելու ես. այս բանաստեղծությունների բխումն Աստծո սիրուց է։ Բնությունը սիրելը նույնպես Աստծո սիրուց է և Աստված սիրել է։
Եթե ուզում ես Աստծո ճամփին հայտնվել, կայծակը բառ դարձրու, կայծակով տես քո բառ-բանաստեղծությունը. «Հավերժությանը հավասար կայծակն է»։ Ասել է՝ բանը պիտի Աստծուց գա, որ հավիտենական կյանք ունենա։ Եթե մարդու մարմինը հող է ու հողինը, ապա հոգին երկինք է ու երկնքինը։ Խնդրեմ, բանաստեղծուհին, տեսնելով երկնքում հայտնվող կայծակը, արձագանքում է. «Սա իմ բանաստեղծությունն է»։ Անշուշտ, կայծակն իր բանաստեղծությունը չէ, բայց նա իր գրած ու գրվելիք բանաստեղծությունը տեսնում է այնպիսին, ինչպիսին կայծակն է։ Կայծակն Աստծո խոսք է ու խոսքի բխումն է, ուզում է, որ իր բանաստեղծության բխումն էլ Աստծո խոսքից լինի։
Ճշմարիտ պոեզիան ոչ միայն Աստծո շնորհ է, Աստծո շնորհի վկայություն, այլև Աստծուն ճանաչելու, Աստծուն հաղորդակից դառնալու, Աստծո ներկայության մեջ գալու լավագույն ու կատարյալ միջոց. «Օ՜, ինչ գեղեցիկ է այս գիշերվա երկինքը»։ Ինչո՞վ է գեղեցիկ։ Աստղերով, որ Աստծո աչքերն են, Աստծո սիրով շողացող աչքերը։ Այդ նույն աչքերը, սիրող աչքերը, իր հոգու երկնքում տեսնելու է, սակայն երազի ու երազանքի սահմաններում չի մնալու, գալու, կանգնելու է իրական հողի վրա. «Չասեք ինձ, որ նրա աչքերի փոխարեն // Երկնքին նայեմ, // Երկնքով բավարարվեմ, // Միայն նրա աչքերում // Կգտնեմ երկինքը»։


Որքան էլ բանաստեղծուհին բնությունից բանաստեղծություններ «հավաքի», բանաստեղծությունը մնալու է սրտի պտուղ։ Մարդու սիրտը մինչև վերջ կարդալ լինո՞ւմ է։ Չէ, չի լինում։ Այդպես էլ ճշմարիտ բանաստեղծությունը, սրտից բխածը, դեպի սիրտ անցնողը, մեկնել չի լինի։ Բանաստեղծությունը բացատրելով չէ։ Բանաստեղծությունը զգալով և կարդալով է։ Կարդացողներ լինելու են, սակայն կարևորը քո ասելիքն է. «Ժայռը միշտ արձագանքում է, // Բայց կարևոր է, թե ինչ կասես դու»։ Ժայռը, ինչպես պարզում է բանաստեղծուհին, մարդն է։ Քո ասած խոսքը քո հոգու հայելին է, քեզ այնտեղ տեսնելու են։ Եվ որպեսզի քեզ բարի ու գեղեցիկ տեսնեն, քեզանով զգան աստվածայինը, աստվածայինին հետևելու ես։


Բանաստեղծությունների այս գողտրիկ գրքույկը ոչ միայն մարդու ձեռքի, այլև բնության գիր է, ձայն է, որ բնություն է։ Բանաստեղծուհու մոտեցումը բնության օրենքներով է, հոգու աչքով նայելիս, մարդու և բնության նմանություն-նույնությունը տեսնելու ես. «ՈՒռենին շատ հասարակ, կանաչ շորեր էր հագել, // Մաշվեցին ուռենու շորերը, գրկեց ուռենին ձմռանը // Եվ ինձ նման գրկախառնվեց նրա հետ»։
Բնության մարդացումը, բնությամբ մարդուն տեսնել-բացելը բնության համար չէ, ոչ ծառն է գեղեցկության ձգտում և ոչ, ասենք, սոխակը փնտրում մեղեդու գեղեցիկը։ Ծաղիկը բնության մեջ է, ծաղկի գեղեցկությունը՝ մարդու մեջ։ Բնությունը կյանքի օրինակ է, որ տրված է մարդուն։ Բնությունը ճանաչողը, վերն ասացի, ճանաչելու է թե՛ աստվածայինը և թե մարդկայինը.
Երբ քնած ես,
Կրծքիդ վրա հավաքվում եմ շաղի նման,
Որ լուսաբացին բացվես ծաղկի նման։


Այստեղ ասելու եմ. «Ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի, թող լսի»։ Բանաստեղծուհու հորդորն է՝ սիրահարի աչքով նայել ու տեսնել։ Հարցեր կան, որոնց պատասխանը Աստծո անխաթար բնության մեջ գտնելու ես. «Գարնան ծառերը բացվեցին // Եվ տվեցին բոլոր հարցերի պատասխանները»։
Քանի որ Աստված սեր է, Աստծո ստեղծած բնությունը սիրո արտահայտություն լինելու է. «…Թռչունը թռչուն է, // Պետք է թռչի։ // Այս մի սերն էլ բաց թողնենք երկինք»։ Ինչ խոսք, բանաստեղծուհու հոգու բնակիչ թռչունը բանաստեղծությունն է։ Նրա բառն իսկ սիրո պատկերով է, սեր է։ Բանաստեղծությունը, որ հայտնություն է, հրաշք համարվելու է.
Իմ բանաստեղծությունները փոքրփոքր հրաշքներ են,
Որոնք իրենց սրտում թաքցնում են մեծ հրաշքներ։


Մի տեղ էլ նա իր բանաստեղծությունները, որ կարդում ենք մենք, թարգմանություններ է համարում, թարգմանություններ բնությունից, բնություն-բնականից։
Թամար Գաբրոշվիլի բանաստեղծուհին նման է հավատքի մեջ հայտնված, Աստծո առաջ կանգնած աղոթողի։ Նրա աղոթքը բառերը չեն։ Բառերի բույրն է նրա աղոթքը։ Նրա աղոթքը աստվածային սերն է, որ բառերի մեջ են՝ որպես օրհնություն։ Դիմելով ծաղիկներին, հորդորում է. «Ծաղկամանից գլուխներդ հանեք // Եվ խնդրեք Աստծուն, // Որ ծաղկեք մեզ համար…»։ «Մեխակնե՜ր, // Իջեք, ջրափին // Դեմքերդ լվացեք զուլալ ջրով»։
Սիրելը պիտի սովորել արևից, որին Աստված ծագեցնում է չարերի և բարիների վրա։ Մաքուր սերը երկնքից երկիր իջնելու, մարդու սրտին հասնելու է աստղի շողի ճանապարհով։ Սերը սովորելով չէ, ձեռք բերելով չէ, Աստծո պարգև ծնունդով է. «…Իսկ այս մեծ սերը հետս եմ բերել…»։


Բանաստեղծությունը ծաղիկ է, որի բուսնելու տեղը մարդու սիրտն է։
Ծաղիկը դաշտում չի մնալու, քաղելու են, այդպես էլ բանաստեղծությունը։ Թռչունն էլ ծառի ճյուղին չի մնալու, թռչելու է. «Ցտեսությո՛ւն, // Իմ սրտից բուսած ծաղիկներ»։ «Թռչում է կյանքը թեթև թևերով»։ Կարևոր է, թե ուր ես նայում և ինչ ես տեսնում։ Բնությունը, որ քեզ համար է ու քեզ հետ է, ինչո՞ւ դու բնության մեջ բնության հետ չլինես։ Միտքը ավելի պարզ և ավելի խոր չես ասի. «Նայիր արեգակին, // Նա քեզ հետ է, // Երես չդարձնես լույսից // Եվ ճշմարտությունից»։ Այսպիսով կրկին ու կրկին ուզում է մարդուն հիշեցնել՝ Աստծուց և աստվածայինից չհեռանաս։ Ի՞նչ կին, ասում է նա, ես ճանապարհ եմ, կամուրջ։
Որտե՞ղ են լինելու աստվածայինն ու Աստված։ Քո սրտի մեջ։ Քոնը, ով մարդ, Աստծուն վկայելն է։ Քոնը, ով մարդ, գոհանալ և Աստծուն շնորհակալ լինելն է։ Թանկագինը Աստծո տվածն է։ Բանաստեղծուհին շնորհակալ է, որ Աստված ամենայն առատությամբ, շռայլորեն իրեն պարգևել է գեղեցիկ մի հայրենիք, որ Վրաստանն է.
Եթե չգիտես,
Ապա մի օր կհասկանաս,
Թե ինչ երջանկություն է,
Ի՜նչ մեծ պատիվ է,
Որ ծնվել ես Վրաստանում։

Ամեն մարդ, դառնալով դեպի իր հայրենիքը, այսպես մտածելու է։ Ամեն մարդ, տեսնելով իր ազգի աստվածային ճամփից շեղվելը, ցավ ապրելու, դեպի Աստված դառնալու և աղոթելու է.
Աստված իմ,
Արթնացրու մեր ազգը,
Տուր նրան ուժ և կարողություն
Բարի գործերի համար…

…Ներս տար արևը, ժպիտ տուր վրացիներին,
Պայծառացրու մեր ժողովրդին,
Տուր գեղեցկություն, մեծ սեր…

Այս որ կարդացի, հոգիս առավել լիացավ, կարծեցի ես եմ, Աստծո հետ իմ Հայաստանից խոսում եմ։ Բացի այդ, չէ՞ որ ծնվել եմ Վրաստանում, Ախալցիխեի շրջանի Սխվիլիսի անվամբ հայաբնակ գյուղում։ Խոստովանելու եմ, ինձ համար թե՛ երջանկություն է և թե օրհնություն այստեղ ծնվելս։ Վրաստանով Հայաստան մտնելս, Հայաստան գտնելս Աստծո շնորհ է ինձ համար։ Աստված Վրաստանով ինձ ոչ միայն կյանք, հող ու երկինք է պարգևել, ոչ միայն հայր ու մայր, քույր ու եղբայր է պարգևել, այլև ինձ նվիրել է այնպիսի անհատականությունների հետ հանդիպել-բարեկամանալը, ինչպիսիք եղան և կան Գրիգոլ Աբաշիձեն, Իոսեբ Նոնեշվիլին, Գիորգի Ցիցիշվիլին, Նոդար Դումբաձեն, Մորիս Փոցխիշվիլին, Ջանսուղ Չարկվիանին, Զուրաբ Չիլաչավան, Ջումբեր Թիթմերիան, Մերաբ և Զուրաբ Քաջաիաները, Գիվի Շահնազարը… Մեր հոգևոր եղբայրությունը ծիածանվել է երկրից երկիր։ Երկրային կյանքի մեջ լինեն, թե երկնային, շարունակում են ինձ քաջալերել. «Պինդ կաց, չհուսահատվես ու չհանձնվես, մենք քեզ հետ ենք»։ Սրանք սոսկ բառեր չեն, կյանք են, որի մեջ հավատով ապրում եմ։ Իմ հավատը, ահա, զորանում է Թամար Գաբրոշվիլու «Քրիզթա» գրքով էլ։ Երբ նա Վրաստան ու վրաց ժողովուրդ է ասում, իմ մեջ, մի նոր շնչով, իսկույն արթնանում են Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Հիրավի, միևնույն բանը խորհում ու խոսում ենք, տարբեր են մեր արտահայտչաձևերը։ Համո Սահյանն ասում է. «Լռած զանգ է կյանքս», իսկ, ահա, Թամար Գաբրոշվիլին կարծես արձագանքում, մխիթարում է. «ՈՒրիշները կգան… // ՈՒ նորից կհնչեն զանգերը»։


Փորձեցի կարդալ Թամար Գաբրոշվիլի սիրող սիրտը, չէ՞ որ սերը, ինչպես նկատել ու գրել է բանաստեղծուհին, արձագանքելու, արձագանք ստանալու կարիք ունի։ Շատ կուզենայի, որ այս արձագանքը նման լիներ կանաչ դաշտին իջնող երկնային ցողի. «Որովհետև սերը լուռ ու հոգեպարար, // Տրվում է Աստծուց»։ Աստծո սերը սրբագույն է, սուրբ երջանկություն լինելուց բացի, սուրբ տառապանք է։ Ահա թե ինչու գրում է. «Որպես երկնքից պոկված մի համբույր, // Ես՝ քարե ծաղիկս, քեզ մոտ կբուսնեմ»։ Նույնն է թե աստվածաշնչյան խոսքն ասեր՝ տունս ժայռի վրա կհիմնեմ և ոչ ավազին. «Երկրագնդի վրա երևի չկա մաքուր սիրո վայր»։ «Մաքրվելու տեղը երկնքում է»։ Այլ կերպ ասած, բանաստեղծուհին ուզում է, որ մարդն ապրի հոգու կյանքով և ոչ մարմնի։ Թելադրողը հոգին լինի և ոչ մարմինը։ Բանաստեղծուհու ուզածը մարդուն վերստին, այսինքն՝ Հոգուց, ծնված տեսնելն է, քանի որ մարմնից ծնվածը մարմին է և ենթակա է կորստյան, իսկ Հոգուց ծնվածը հոգի է և կոչված է հավիտենական կյանքի։ Մարդը, գալով աշխարհ, ի՞նչ է անելու։ Անելու է այն, ինչ Աստված անում է։ Մարդն, ուրեմն, ոչ միայն Աստծո ստեղծածն է, այլև Աստծո գործընկերն է. «Մենք և Աստված գործում ենք միասին», ահա այս է այս ժողովածուի հավիտենական խորհուրդը։ Գոհանամ Աստծուն, որ ինձ սրտի խոսք խոսելու առիթ տվեց։ Ժամանակ տվեց և աչքի լույս տվեց, որ տեսնեմ ու կարդամ. «Ծաղիկներն են քեզ ծնել Թամար, // Չկորցնես նրանց, միշտ ծաղիկների հետ եղիր»։
Շնորհակալ եմ Աստծուն, որ քույր Թամարի միջոցով պարզեց այն դուռը, որ բաց է։ Թող որ ամեն կին Սուրբ Հոգու հաղորդակցությամբ գիտակցի և ասի այս մեղավոր, մարմնատենչ ու նյութապաշտ աշխարհին. «Ի՞նչ կին… Ես ճանապարհ եմ, կամուրջ»։

Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ